1915թ ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունից բացի, հարկավոր է որոշել նաեւ, թե ով կարող է իրավաբանորեն ներկայացնել հայերին՝ Հայաստանի Հանրապետությո՞ւնը. Սփյո՞ւռքը, որը իրավաբանական միավոր չէ. Հայաստանում և Սփյուռքում ապրող Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգնե՞րը:
Այս հարցերին է փորձում պատասխանել լիբանանահայ դատավոր և իրավական գիտությունների դոկտոր Ռոդնի Դաքեսյանը, ում ատենախոսության թեման եղել է «1915թ. հայերի դեմ իրագործված կոտորածի իրավական հետեւանքները և դրանց լուծման հնարավոր դատական և արտադատական մոդելը» (Լիոնի համալսարան): Նա քննարկման է ենթարկում Հայաստանի իրավական կարգավիճակը, նրա իրավական գործողություններ ձեռնարկելու հիմքը և Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի պատասխանատվությունը վկայակոչելու իրավունքը: Ըստ նրան՝ թեեւ 1915թ կոտորածների պահին Հայաստանը որպես պետություն գոյություն չուներ, սակայն միջազգային իրավունքը նրան թույլ է տալիս փոխհատուցում պահանջել Թուրքիայից, որին նա առնվազն բարոյապես պատասխանատու է համարում Հայոց ցեղասպանության համար:
1920թ նոյեմբերի 29-ին ձեւավորվեց Խորհրդային Հայաստանի Հանրապետությունը, որն ընդգրկում էր պատմական Հայաստանի տարածքի մի փոքր մասը միայն: Այնպես որ, կոտորածների սկզբից գրեթե հինգ տարի էր անցել, իսկ դրանից երկու տարի առաջ ավարտին էին հասել օսմանյան հայերի դեմ ձեռնարկված բնաջնջման գործողությունները: Հայաստանն իր վերջնական անկախությունը ձեռք բերեց 1991թ սեպտեմբերի 21-ին: Հետեւաբար, հանցագործության իրագործման պահին Հայաստանը գոյություն չուներ: Այդ իսկ պատճառով, առաջին հարցը, որ մեր մտքում ծագում է՝ Հայաստանն ունի՞ արդյոք իրավական գործողություններ ձեռնարկելու հմտությունն ու կարողությունը, ինչպես նաեւ այն իրավական հիմքը, որով նա կկարողանա վնասների հատուցման պահանջներ ներկայացնել:
Մյուս կողմից, խախտված իրավունքների վերականգնման պարտավորությունը նախատեսված է բոլոր տեսակի իրավական նորմերով և ավտոմատ բնույթ է կրում: Միջազգային արդարադատության մշտական դատարանն այդ մասին արդեն արտահայտվել էր հետեւյալ կերպ. «Դատարանը նշում է, որ դա միջազգային իրավունքի սկզբունք է, և նույնիսկ օրենքի համընդհանուր հասկացություն, որ հանձնառության ցանկացած խախտում իր մեջ պարունակում է այն վերացնելու պարտավորությունը»: Վերացնելու պարտավորությունը՝ «պատշաճ ձեւով», ընդգծել էր նա, մի քիչ ավելի վաղ` նույն գործով: Այս սկզբունքները կիրառելի են ինչպես պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների նկատմամբ:
Ինչ վերաբերում է պետություններին, Միջազգային իրավունքի հանձնաժողովի օրենքի նախագծի 31-րդ հոդվածը հաստատում է, որ «պատասխանատու պետությունը պարտավոր է լիարժեք հատուցում տրամամդրել միջազգային հակաիրավական արարքով պատճառված վնասի համար»: Սա իրավական կայուն պարակտիկայով լավ հաստատված կանոնի ամրագրումն է:
Ա. Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի պատասխանատվությունը վկայակոչելու իրավատերը.
Միջազգային հանրությունը չափից ավելի ապակենտրոնացած է: Ի տարբերություն պետական համակարգին, այնտեղ չկա կենտրոնական մի մարմին, որը կարող է «դատական գործեր» հարուցել որեւէ պետության կամ միջազգային կազմակերպության դեմ, որին կարելի է միջազգային հակաիրավական արարք վերագրել: Իհարկե, ՄԱԿ-ն օժտված է հարկադրական լիազորություններով, որոնց միջոցով, ի վերջո, հնարավոր է պետությանը ստիպել, որ նա կատարի իր պարտավորությությունները՝ համաձայն ստանձնած պատասխանատվության: Բայց դա չի մտնում իրավախախտումների մասին օրենքի շրջանակների մեջ, այլ վերաբերում է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը:
Միջազգային իրավունքի հանձնաժողովի նախագծի 48-րդ հոդվածն ընդունում է, որ «յուրաքանչյուր այլ պետություն քան տուժած պետությունը իրավասու է վկայակոչել մի այլ պետության պատասխանատվությունը, եթե՝ ...բ) խախտված պարտավորությունը ամբողջությամբ պատկանում է միջազգային հանրությանը»: Այս դրույթը նախատեսված է, ի թիվս այլոց, պարտավորությունների լուրջ խախտումների համար, որոնք առաջանում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերի և, ընդհանուր առմամբ՝erga omnes պարտավորությունների խախտումներից:
Հայկական պետությունը գոյություն չուներ հանցագործության իրագործման պահին: Խորհրդային Հայաստանի Հանրապետությունը ծնվեց 1920թ նոյեմբերի 29-ին, որը պատմական Հայաստանի տարածքի միայն մի փոքր մասն էր կազմում: Այսինքն, ցեղասպանության սկզբից գրեթե հինգ տարի էր անցել, իսկ օսմանահպատակ հայերի դեմ ձեռնարկված բնաջնջման գործողությունների ավարտից՝ երկու տարի: Հայաստանն իր վերջնական անկախությունը ձեռք բերեց 1991թ սեպտեմբերի 21-ին: Կոտորածներին զոհ դարձան օսմանահպատակ հայերը, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում: Այնպես որ, ներկա պահին ո՞ր պետությունն է իրավասու պահանջել զոհերի իրավունքները: Արդյո՞ք Հայաստանը, իսկ ինչո՞ւ:
Erga omnes պարտավորությունների տեսության լույսի ներքո՝ կարող ենք ասել, որ որեւէ պետություն իրավունք ունի պահանջել միջազգային իրավակարգի պաշտպանությունը և պայքարել պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության հանցագործությունների դեմ:
1948թ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմ է հանդիսանում՝ ստեղծելով erga omnes պարտավորություններ: Այս նորմից բխող պարտավորությունների խախտումը բոլոր պետություններին իրավունք և իրավական հիմք է տալիս՝ պաշտպանելու այդ իրավունքներն ու պարտավորությունները: Սակայն, ըստ «դիվանագիտական պաշտպանության» տեսության կիրառման պայմաններին, պահանջվում է, որ զոհերը լինեն բուն այդ պետության քաղաքացիները, և դա հաստատվեց Արդարադատության միջազգային դատարանի կողմից 1970-ին՝ Barcelona Traction-ի գործում: Այլ կերպ ասած, պետությունը կարող է իրականացնել դիվանագիտական պաշտպանության իրավունքը միայն իր սեփական քաղաքացիների նկատմամբ, այսինքն՝ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք իր հետ աղերսվում են քաղաքացիական կամ գրանցման կապով (պետությունը ներկայացնող սարքեր, ինչպիսիք են նավերը, օդանավերը, հրթիռները կամ արբանյակները): Այս կապը նրան թույլ է տալիս հաստատել իր անձնականիրավասությունը՝ որը դիվանագիտական պաշտպանության իրականացման հիմք է հանդիսանում:
Մինչդեռ այս դեպքում, 1915-ի հանցագործության զոհերը հայկական պետության քաղաքացիներ չեն, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց, ոճիրի կատարման պահին հայկական պետությունը գոյություն չուներ: Այդուհանդերձ, ըստ սովորութային (նախադեպային) իրավունքի, այս սկզբունքը կարող է կիրառվել միայն առեւտրային եւ ֆինանսական հարցերում, եւ ոչ թե ծանրագույն միջազգային հանցագործությունների և պարտավորությունների խախտումների դեպքերում, որոնք բխում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերից: Հետեւաբար, իրավիճակը փոխվում է հաշվի առնելով այն դեպքը, երբ մի պետության կողմից խախտվում է erga omnes-ը՝ այսինքն միջազգային իրավակարգի մյուս բոլոր սուբյեկտներին հարգելու պարտավորությունը:
Պետությունը իրավունք ունի իրականացնել ցեղասպանության զոհերի պաշտպանությունը, որոնք իր հետ առնչվում են իրավական, ակնհայտ, կրոնական կամ էթնիկական կապով: Իսկ հայկական պետության հետ այդ կապը գոյություն ունի, մանավանդ որ հանցագործության զոհերը օսմանահպատակ հայեր էին, այսինքն մարդիկ, ովքեր խոսում և գրում էին հայերեն, ունեին հայկական դպրոցներ, հայկական մշակույթ, եկեղեցիներ, վանքեր, տներ և շինություններ: Այս համատեքստում, հարկ է նշել Ադոլֆ Էյխմանի դատավարությունը: Նա 1961թ ապրիլի 11-ին իսրայելական դատարանի առաջ էր կանգնել, որտեղ դատարանը հաստատեց Իսրայելի իրավունքը դատելու և իրականացնելու պաշտպանության սկզբունքը իր հրեա ազգակիցների նկատմամբ, որոնք սպանվել էին 1942-ին՝ Հոլոքոստի ընթացքում նացիստական ռեժիմի կողմից:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը կապված է 1915թ ոճրագործության զոհերի հետ էթնիկական, կրոնական, լեզվական եւ մշակութային շահեկան կապով, մանավանդ, որ ցեղասպանության զոհերի իրավահաջորդներից շատերը Հայաստանի քաղաքացիություն ունեն, հետետեւաբար Հայաստանն ունի վնասի հատուցման պահանջներ ներկայացնելու իրավական հիմքը՝ հատկապես Միջազգային իրավունքի հանձնաժողովի նախագծի 42-րդ եւ 48-րդ հոդվածներով: Ուստիեւ այս գործողությունը հնարավոր է ձեռնակել միայն պաշտոնական ձեւով՝ Հայաստանի հանրապետության միջոցով:
Բ. Հողային պահանջատիրության օրինաչափությունն ու Թուրքիայի կողմից հնարավոր ճանաչման հետեւանքները
Մարդկության դեմ հանցագործություն հասկացությունը քողարկված կերպով առկա է 1920թ Սեւրի պայմանագրի 230-րդ հոդվածում, որը պարտավորեցնում էր Թուրքիային «հանձնել Դաշնակից տերություններին այն անձանց, որոնք պատասխանատու էին համարվում 1914 թվի օգոստոսի 1-ի դրությամբ թուրքական կայսրության մաս կազմող տարածքի վրա շարունակվող պատերազմի պայմաններում իրականացված կոտորածների համար:»
Սեւրի պայմանագիրը, որի անունը Hauts-de-Seine քաղաքի հետ է կապված, կնքվել է 1920թ օգոստոսի 10-ին, Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց: Դա դաշնակից պետությունների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա և Հունաստան) ու Օսմանյան կայսրության (սուլթան Մեհմեդ VI) միջեւ Ազգերի լիգայի հովանու ներքո կնքված հաշտության պայմանագիր է, որը երբեւիցե չվավերացվեց ստորագրող պետությունների կողմից, բայց ուղղակիորեն առնչվում էր Հայաստանի հողային իրավունքներին:
Թեեւ պայմանագիրը ուժի մեջ չմտավ, սակայն փաստ է, որ դա բոլոր պետությունների համար պատժելի հանցագործություն էր և միջազգային ասպարեզում դրա դատապարտումը թույլ է տալիս պնդելու, որ դա բոլոր երկրների կողմից կիրառելի իրավունքի համընդհանուր սկզբունքների մի մասն էր (Միջազգային արդարադատության մշտական դատարանի կամ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության հոդված 38 § 1 c):
Սակայն հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի դեպքում չի հանգեցնի հողային հատուցման՝ հաշվի առնելով Թուրքիան իրավական պատասխանատվության ենթարկելու ճանապարհին հայտնվելիք տարբեր իրավական և դատական խոչընդոտները: Տվյալ դեպքում, հարցը կմնա զուտ բարոյական պատասխանատվության հարթությունում: Ինչպիսին էլ որ լինի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման բովանդակությունն ու տեքստը, ես խիստ կասկածում եմ, որ դա կլինի այնպիսի մի համատեքստում, որը հայերին հողային պահանջներ առաջ քաշելու հնարավորություն կտա:
Ելնելով սրանից, հողային պահանջատիրության համատեքստում գերադասելի է հիմնվել ժամամակակից միջազգային իրավունքի եւ սովորութային միջազգային իրավունքի վրա, քանի որ 1920 թվականի պայմանագիրը կիրառելի չէ՝ այն ստորագրած երկրների կողմից վավերացված չլինելու պատճառով:
Խախտված իրավունքի վերականգնման պարտավորությունը նախատեսվում է բոլոր տեսակի իրավաբանական միջոցներով և ավտոմատ բնույթ է կրում: Միջազգային իրավունքի հանձնաժողովի հոդվածների նախագծի 31-րդ հոդվածը նշում է, որ «պատասխանատվություն կրող պետությունը պարտավոր է միջազգային հակաիրավական արարքով պատճառված վնասի համար լիարժեք հատուցում տրամադրել»: Սա իրավական կայուն պարակտիկայով լավ հաստատված կանոնի ամրագրումն է:
Ուստի, համարելով, որ Թուրքիան Օսմանյան կայսրության փոխարինողն է և ոչ թե իրավահաջորդը, պետք է եզրակացնենք, որ նա առնվազն բարոյապես պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, ինչը նրան պարտավորությունների առաջ կկանգնեցնի: Իսկ ի՞նչ բնույթի պարտավորություններ կլինեն դրանք:
Միջազգային իրավունքում փոխհատուցման հայտնի առաջին ձեւը իրավիճակի վերականգնումն է ՝ restitutio in integrum (ռեստիտուցիա): Տվյալ դեպքում գրեթե անհնար է վերականգնել մինչեւ օսմանահպատակ հայերի դեմ կատարված հանցագործությունը գոյություն ունեցած վիճակը, մանավանդ որ օսմանահպատակ հայության դեմ կատարված հանցագործությունը տեղի է ունեցել գրեթե հարյուր տարի առաջ:
Այստեղ, հայերի ունեցվածքի վերադարձի՝ ռեստիտուցիայի հարցում կարող է լինել մի ուղի, այն է դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եւրոպական դատարանում (ՄԻԵԴ), որը, ի վերջո, իրավասու կլինի քննելու 1915թվի ոճրագործության և տեղահանությունների զոհերի ժառանգների բողոքները, և այդ կապակցությամբ վճիռներ կայացնելու, հատկապես այն դեպքում, երբ միջազգային պայմանագրերի կոնվենցիաների հետադարձության սկզբունքը հաղթահարված կլինի: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որՄարդու իրավունքների եւրոպական կոնվենցիայի թիվ 1Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության իրավունքի պաշտպանություն) երաշխավորում է սեփականության իրավունքը, հատկապես երբ դեռ շարունակում է ակտուալ թեմա մնալ Թուրքիայի ժխտողականությունը և այդ իրավունքի ոտնահարումը՝ որը դրսեւորվում է ժառանգներին արգելելով վերստանալ իրենց սեփականությունը:
Այս ընթացակարգն առավել հետաքրքիր է դառնում վերոհիշյալ Դատարանի տարբեր ժամանակներում կայացրած որոշումների տեսակետից, մասնավորապես Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի դատական գործում (թիվ 40/1993/435/514), որը Դատարանին ներկայացվեց Կիպրոսի հանրապետության կառավարության կողմից («հայցվոր կառավարությունը») 1993թ նոյեմբերի 9-ին: 1989թ հուլիսի 22-ին Կիպրոսի քաղաքացի Տիկ. Թիթինա Լոիզուդուն, համաձայն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի, հայցադիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եւրոպական հանձնաժողովին («Հանձնաժողով»), որը պետք է որոշեր, թե Տիկ. Լոիզուդուի գույքին առնչվող գործի փաստերը հանդիսանո՞ւմ են արդյոք Թուրքիայի կողմից կատարված խախտումներ՝ ըստ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին: 1995թ մարտի 23-ին ընդունված որոշմամբ՝ Դատարանը վճռեց գումարով հատուցել Տիկ. Լոիզիդուին, որի գույքը բռնագրավվել էր 1974թ, արտաքսվել էր երկրից եւ արգելվել էր նրա վերադարձը:
Այս նույն համատեքստում - հայերի գույքի վերադարձի-, արժե հիշել նաեւ այն դեպքը, երբ 2004-ին Միացյալ նահանգները օտարերկրացիներին պատճառված վնասների վերաբերյալ մի օրենք էր ընդունել, որը ամերիկյան դատարաններին իրավասություն էր տվել վարույթ ընդունել օտարերկրյա անձանց կրած վնասներին առնչվող դատական գործեր, որոնք բխում էին միջազգային օրենքների կամ համաձայնագրի խախտումից, որի անդամ է ԱՄՆ-ը: Այնպես որ, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են Թուրքիայի դեմ դատական գործ հարուցել ԱՄՆ-ի դատարաններում, իհարկե՝ եթե 2004 թ. այդ օրենքը հետադարձ կիրառելիություն ունենա, ինչը, իրոք, հաճախ է տեղի ունեցել Միացյալ Նահանգներում:
Վնասի հատուցման երկրորդ ձեւը կոմպենսացիան է: 1915 թվի հանցագործությամբ Օսմանյան հայերին պատճառված վնասի փոխհատուցումը ակնհայտորեն կարող է կոմպենսացիայի տեսքով լինի: Քանի որ ռեստիտուցիան, ինչպես վերեւում տեսանք, գրեթե անհնար է թվում, Հայոց ցեղասպանության պարագայում առավել արդյունավետ հատուցման ձեւը կարող է լինել կոմպենսացիան (փոխհատուցումը):
Նացիստական Գերմանիայի կողմից հրեաների դեմ իրագործված Հոլոքոստի օրինակը կարող ենք դիտարկել որպես նմանատիպ և կիրառելի դեպք: Գերմանական ընկերությունները շարունակում են փոխհատուցում վճարել հրեական համայնքին: Այդ վճարումները «հայկական հարցի » պարագայում կարելի է դիտարկել որպես նախադեպ, իհարկե այն դեպքում, եթե Արդարադատության միջազգային դատարանը 1948-ի Կոնվենցիան որոշի կիրառել հետադարձ ուժով՝ ռետրոակտիվ գործադրությամբ:
Սատիսֆակցիան միջազգային իրավական պատասխանատվության վերջին հայտնի միջոցն է, մեր պարագայում՝ կարծես առավել նպատակահարմարն ու կիրառելին: Սա հատուցման զուտ բարոյական ձեւ է, որը կարող է արտահայտվել պատասխանատու պետության կողմից ափսոսանքի արտահայտման, պաշտոնական ներողության կամ այլ պատշաճ ձեւի միջոցով: Սատիսֆակցիան, ինչպես նաեւ կոմպենսացիան, տրամաբանությանը ամենամոտիկ և իրագործելի հատուցման երկու ուղիներն են թվում, մանավանդ որ «Հայկական հարցի» դեպքում սատիսֆակցիան շատ խնդրահարույց է` հայերը հաճախ են ներողություն պահանջել Թուրքիայից 1915-ի ոճրագործության համար, սակայն այն երբեք չի իրականացել: Սրանից պարզ է դառնում, որ սատիսֆակցիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շատ կարեւոր և էական տեղ է գրավում:
Ռոդնի Դաքեսյան
10-11-2014